Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Ասուլի՞ս, թե՞ հակաասուլիս

Ասուլի՞ս, թե՞ հակաասուլիս
18.02.2017 | 12:31

Երեկ ՕՐՕ դաշինքը ասուլիս էր հրավիրել և ժամուկես լրագրողները հավատաքննում էին Վարդան Օսկանյանին, Սեյրան Օհանյանին ու հիվանդացած Րաֆֆի Հովհաննիսյանին փոխարինող Արմեն Մարտիրոսյանին: Հիմնականում հարցերն ուղղվում էին Սեյրան Օհանյանին և վերաբերում էին նրա պաշտոնավարման տարիներին:

ՈՒ նա բրնձում էր՝ ոչ մի որոշակի պատասխան չտալով: Սեյրան Օհանյանը փայլուն յուրացրել էր ասուլիսի ոսկե կանոնը՝ ինչ հարց ուզում են՝ տան, դու ասա քո ուզածը: Իսկ նրա ուզածը այդպես էլ ընդհանուր հայտարարությունների ու կարգախոսների մակարդակից մի դյույմ էլ չբարձրացավ դեպի քաղաքական հարթություն: Նույնիսկ չասաց՝ իրեն ընդդիմություն համարո՞ւմ է: Տարօրինակ տպավորություն էր, տխուր՝ եթե այսպիսին են լինելու ընտրություններին առնչվող քննարկումների մթնոլորտն ու մակարդակը: Սեյրան Օհանյանին ուղղվեցին նրա պաշտոնավարման վիճելի դրվագներին առնչվող հարցերը, ու ի՞նչ պարզվեց: Ոչինչ, ոչինչ ավելին, քան հայտնի էր, իսկ դա նշանակում է, որ նա կամ ժամանակ չի ունեցել իր համար իմաստավորելու իր պաշտոնավարման շրջանը ու անաչառ գնահատելու, կամ չունի նման ցանկություն: Երրորդը չկա: Եվ չէր լինի ոչ առաջին, ոչ երկրորդ, ոչ երրորդ, եթե Սեյրան Օհանյանը չորոշեր քաղաքականություն մտնել, բայց մտել է, ուրեմն հանրային ընկալման համար պարտավոր է շիտակ ու հստակ պատասխանել հանրային հնչեղության հարցերին: Եթե երեկ հնչած երբեմն անհոդաբաշխ, երբեմն անգիր արած, երբեմն կուսհաշվետվություն հիշեցնող պատասխաններից ավելին չի լինելու, մնում է ցավակցել Վարդան Օսկանյանին: Ինչպես ժամանակին ԲՀԿ-ն էր փորձում դարձնել քաղաքական ուժ ու չկարողացավ, այնպես էլ երեկ դաշինքին էր փորձում քաղաքական երանգներ հաղորդել, բայց նրա ձայնը խլանում էր Սեյրան Օհանյանի սփռած համակ անորոշության մեջ:


Ի՞նչ իմացանք, ի վերջո: Որ՝ պաշտպանության նախկին նախարարը ՀՀ նախագահի հետ խնդիրներ չունի, ունի այլ տեսակետներ պետական կառավարման համակարգի վերաբերյալ: Անհայտ մնաց՝ ինչո՞ւ այդ տեսակետներն ի հայտ եկան պաշտոնաթողությունից հետո: Բայց հայտնի դարձավ, որ ՀՀԿ-ի հետ ՕՐՕ-ն կոալիցիա չի կազմելու ու չի համագործակցելու, պարզապես՝ «Այսօրվա գործող իշխանական կուսակցությունները պետք է փոխվեն: ՀՀԿ-ի հետ համագործակցությունը անիմաստ կլինի, որովհետև կբերի նույն համակարգի մնալուն այսօրվա մեր իշխանության ղեկին»: Նույն համակարգի չմնալու համար ի՞նչ պետք է արվի՝ նորից անհայտ մնաց: Նա երկրորդ-երրորդ պնդումից ընդունեց, որ քաղբանտարկյալներ Հայաստանում կան, բայց կտրականապես հրաժարվեց անուններ տալ: Անգիր արած՝ ասաց՝ «Խոր հակասություն կա այսօր իշխանությունների և ժողովրդի միջև և վստահությունը, որը կա ժողովրդի կողմից հարուցված քրեական գործերի նկատմամբ, մտածելու տեղիք է տալիս: Մենք ժողովրդին չհավատալու իրավունք չունենք, բայց ամեն ինչ մենք կանենք, որպեսզի Հայաստանի Հանրապետությունում քաղբանտարկյալներ չլինեն: Ես և Ժիրայր Սէֆիլյանին, և Վոլոդյա Ավետիսյանին հարգում եմ, նրանք բոլորը մեր մարտական ընկերներն են: Քաղբանտարկյալներ հասկացությանը գնահատական տալու համար պետք է համապատասխան իրավական մարմինները տան, և այսօրվա գործող իշխանությունը պետք է տա»:


Մարտի 1-ին իբրև զինված ուժերի գլխավոր շտաբի պետ իր մասնակցության մասին էլ ոչինչ ավելին չհնչեց: Սեյրան Օհանյանը պնդեց, որ արյունոտ իրադարձություններում բանակը ներգրավված չի եղել, որ՝ «Մնացած բոլոր խնդիրները այսօրվա իշխանության խնդիրներն են, և եթե մենք գանք անպայման իշխանության, անկասկած մենք ամբողջությամբ ավարտին կհասցնենք: Եվ եթե մենք պատասխանատու լինենք, ապա այդ պատասխանատվությունը մեր ժողովրդի առջև չափազանց պատասխանատու կերպով մենք կտանենք: Որպես գլխավոր շտաբի պետ, այն ժամանակ ես ենթարկվել եմ պաշտպանության նախարարին»:


Հետո Սեյրան Օհանյանն ինքն իրեն փառաբանեց, թե ինչեր է արել բանակի համար, բացահայտեց, որ ապրիլյան դեպքերից հետո դեմ է եղել բանակում պաշտոնանկություններին, բայց ի՞նչ է արել, որ այդ պաշտոնանկությունները չլինեն, մնաց անհայտ: Պնդեց, որ ապրիլյան պատերազմում բանակն իր խնդիրն իրականացրել է՝ թույլ չտալով հակառակորդի խոր առաջխաղացում: Իսկ կորցրած տարածքները անհրաժեշտության դեպքում հնարավոր է վերադարձնել: Ո՞րն է այդ անհրաժեշտությունը, ինչպե՞ս է սահմանվում՝ հայտնի չէ: Ասաց՝ միայն մասնագետները կարող են գնահատել՝ հնարավո՞ր էր խուսափել 100-ից ավելի զոհերից: Ենթադրվում է, որ մասնագետները ասում են՝ հնարավոր չէր, ու Սեյրան Օհանյանն իրեն համարում է անմեղ ու արդար: Այնուհանդերձ՝ ընդունեց, որ կարող էր ավելի շուտ լքել Սերժ Սարգսյանի թիմը, բայց սահմանային լարված վիճակում գուցե ժողովուրդը դա վախի դրսևորում ընկալեր: Փաստորեն՝ մեղավորը նորից ժողովուրդն է:
Հայտարարվեց՝ «Մեզ պետք է նոր քաղաքական և նոր պետական վերնախավ։ Միայն այդպես մենք կարող ենք բարձրացնել մեր անվտանգության աստիճանը»: Ինքնին հասկանալի էր, որ այդ նորը իրենք են: Իրենք, որ նոր մշակույթի ձևավորման կողմնակից են, բայց ո՞րն է այդ նորը, ինչո՞ւ է այդքան խոր ու գաղտնի պահվում: Ե՞րբ է բացահայտվելու, եթե ոչ հիմա: Փոխարենը՝ ի սկզբանե Սեյրան Օհանյանը հայտարարեց. «Ես հասկանում եմ, որ այս ճանապարհը մեզ համար, մեր թիմակիցների համար հեշտ չի լինելու։ Լինելու է շատ մեծ դիմադրություն, դրա վառ ապացույցն արդեն կա, այն արշավը, որ արդեն սկսվել է մեր դաշինքի, դաշինքի առաջին անդամների, անձամբ իմ նկատմամբ, որի մեջ ներգրավված են տարբեր քաղաքական գործիչներ, լրատվական միջոցներ, անհատներ, նաև ամբողջական կուսակցություններ և դաշինքներ։ Միամտություն է կարծել, թե մենք այս ամենը չենք հաշվարկել, չենք կանխատեսել ու կանխարգելիչ քայլեր չենք ձեռնարկել»: Նա ազդարարեց, որ համապատասխան միջոցներ են ձեռնարկվել ու հակահարվածներ են պլանավորված՝ հաստատ մոռացել էր, որ այլևս պաշտպանության նախարար չէ և հարց տալ-չտալը հրամանով չի կարգավորվում: ՈՒ ընդհանրապես՝ ամբողջ ասուլիսն ակնհայտ դարձրեց՝ Սեյրան Օհանյանը ցավալիորեն մնում է կենտրոնացած իր անձի, իրեն հասցված վիրավորանքի՝ պաշտոնանկության վրա ու քաղաքական գործիչ լինելը շարունակում է պատկերացնել պետական բարձրաստիճան պաշտոնյա: Սեյրան Օհանյանը չափազանց կենտրոնացած է իր անձի վրա, որ իրենից դուրս դաշինք տեսնի, խնդիր տեսնի ու լուծում տեսնի: Մարդկայնորեն գուցե հասկանալի է, քաղաքականության մեջ՝ ոչ: Բազում հարցերը որ նա հարուցել է իր պաշտոնավարմամբ, համարում է արշավ իր դեմ՝ կուսակցությունների, դաշինքների, լրագրողների, ու չի ընկալում, որ խնդիրն իր մեջ է, ոչ թե իր դեմ «արշավի»: Իսկ եթե հարցը հակահարվածին է վերաբերում, թող ապրիլին այդ հակահարվածը թշնամուն տար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. ՕՐՕ դաշինքի կարգախոսն է՝ «Ժառանգություն-Համախմբում-Հաղթանակ»:
Առաջին համատեղ ասուլիսը վկայեց, որ շատ մեծ պրոբլեմներ ունեն իրենց անցյալի ժառանգության հետ, որը համախմբում թույլ չի տալիս, առավել ևս կասկածելի է հաղթանակը: Նույնիսկ հաղթելու դեպքում՝ միայն Վարդան Օսկանյանը գիտեր ինչ անել, այն էլ միայն Ղարաբաղի հարցում: Մի քիչ էլ տնտեսության. «Մեր հիմնական թիրախը կլինի տնտեսական աճը, աշխատատեղերի ստեղծումը, կենսամակարդակի բարձրացումը։ Իշխանության գալուց հետո մենք այլ կերպ ենք անելու, բյուջեն չի թելադրելու քաղաքականությունը, քաղաքականությունն է թելադրելու բյուջեն»՝ ասաց նա: Բայց այսօր էլ քաղաքականությունն է թելադրում բյուջեն, իսկ թե ինչպես պիտի այդ քաղաքականությունը փոխվի, ոչ հարց տվին, ոչ էլ պատասխան հնչեց: Փոխարենը Սամվել Բաբայանի մասին հարց հնչեց, ու պարզվեց, որ նա այնքան է սիրում Հայաստանը, որ «չի կարող անտարբեր լինել»: Ինչո՞ւ այս ապրիլի նկատմամբ չի կարող, իսկ անցյալ ապրիլին կարող էր, թե այս դեպքում էլ կա ընդհանրական պատասխանը՝ «Չի ստացվել՝ ելնելով տարբեր նկատառումներից», որ հաճախ էր հնչում, երբ հարցը վերաբերում էր նախկին դաշնակիցներին: ՈՒ այդ ի՞նչ «մեծ ներդրում ունի Սամվել Բաբայանը Հայաստանի պետականության կայացման մեջ», որ գերակշռում է Արցախի պետականության կայացման մեջ ունեցած ներդրումին ու թույլ չի տալիս վերադառնալ հայրենիք՝ այնտեղ «անտարբեր չլինել»:

Հաստատվելուց հետո էլ՝ հետը Սեյրան Օհանյանին տանել: Միևնույն է՝ ապրում է վարձով, աշխատանք էլ առաջարկում են՝ մերժում է: Իսկ քաղաքականության մեջ փորձանք է Վարդան Օսկանյանի գլխին, այս ընտրություններում՝ հաստատ: ՈՒ ի՞նչ է մտածում Ռոբերտ Քոչարյանը:

Դիտվել է՝ 1540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ